Արարատ Միրզոյանը կողմ չէ կիսանախագահական համակարգին վերադառնալուն
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին:
Արարատ Միրզոյանի խոսքերով՝ ամեն ինչ պետք է անել խորհրդարանական համակարգի կայացման համար: Ինչպես երեկ ճեպազրույցի ժամանակ էր տեղեկացրել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, սահմանադրական փոփոխություններն իրենց օրակարգում են:
«Մասշտաբային փոփոխություններ, այսինքն` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին, չի լինի: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ Սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր է` փակուղիներ առաջանան: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը չբացառեց նաև, որ հնարավոր է լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում։