Գրոզնիի օդանավակայանի համար ֆինանսավորումը Կադիրովը գտել է ԱՄԷ-ում
Աբու Դաբիի զարգացման ֆոնդը մտադիր է 50 մլն դոլարի ներդրում կատարել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օդանավակայանի կառուցման համար, այս մասին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «ВКонтакте» սոցցանցի իր պաշտոնական էջում:
Կադիրովի խոսքով՝ նա ֆոնդի նախագահ Մուհամմադ Սեյֆ ալ Սուվադիի հետ քննարկել է ներդրումային մի շարք նախագծեր, այդ թվում՝ օդանավակայանի կառուցման հարցը: Ըստ Չեչնիայի ղեկավարի՝ Սեյֆ ալ Սուվայդին հավատացրել է, որ մոտ ապագայում Գրոզնի կուղարկի մասնագետների համապատասխան խումբ՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման համար:
Հայտնի է, որ Գրոզնիի օդանավակայանի կառուցման խնդիրը Կադիրովը մեկ անգամ չէ, որ բարձրացրել է: 2018 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ հարցի մասին կրկին հիշեցրել էր այնտեղ գտնվող չեչեն լրագրողը: