Ռեփեր Դեցլի արյան մեջ թմրանյութեր ու այլ արգելված միջոցներ չեն հայտնաբերվել
Այս տարվա փետրվարի 3-ին մահացած ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) արյան մեջ դատաբժշկական փորձաքննության արդյունքում թրմանյութեր չեն հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ուդմուրթական Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքներին:
Փորձագետները ստուգել են նաև այն սպասքը, որից խմել է ռեփերը մահից առաջ: Դիմահարդարման սենյակում առկա են եղել գինով, կոլայով և սուրճով բաժակներ, սակայն ոչ մի տեղ արգելված նյութերի հետքեր չեն հայտնաբերվել:
Կասկածներ է առաջացրել միայն խնձորի հյութով բաժակը, որում թեթևակի սպիտակ նստվածք է նկատվել: Փորձագետները չեն բացառում, որ դա եղել է ցավազրկող դեղահաբ, որը Տոլմացկին ընդունել է համերգից հետո: Մոտ օրերս այդ նյութը նույնպես կուղարկվի փորձաքննության՝ ռուսաստանյան այլ լաբորատորիաներ:
Ավելի վաղ ռեփերի մայրը նշել էր, որ որդու մահվան պատճառը գերծանրաբեռնվածությունն է: Նա հայտարարել է, որ Դեցլը չէր կարող մահանալ արգելված նյութերի կամ ալկոհոլի օգտագործումից: