Ռուս զինծառայողը հրաժարվում է ցուցմունք տալ. Շիրակի մարզի դատախազը մանրամասներ է ներկայացրել Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործի նախաքննության վերաբերյալ
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հրաժարվում է ցուցմունք տալ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա գործի նախաքննության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել և նշել, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերված գործը դատարան փոխանցելու համար:
«Սպասում ենք փորձաքննությունների եզրակացությունները ստանալուն, որից հետո գործը համապատասխան մեղադրանքով կուղարկվի դատարան: Կարծում եմ` դա տեղի կունենա մոտ 20 օրից: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցները լիարժեք են անձին դատի տալու համար, իսկ մեղադրվողը հրաժարվում է ցուցմունք տալ այդ հանցավոր գործողությունները կատարելու վերաբերյալ»,- ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը.
Իսկ ավելի վաղ Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Անդրեյ Ռազգիլդեևը հրաժարվել էր նմուշ հանձնել, որն անհրաժեշտ էր նրա կողմից թմրամիջոցների օգտագործման հավանականությունը ստուգելու համար: Սա, ըստ դատախազի, նրա իրավունքն է.
«Մեղադրյալը հրաժարվել է նմուշ տալ: Դա նրա իրավունքն է: Նմուշառում կատարելու ուրիշ մեխանիզմ մենք չունենք: Հարկադրաբար չենք կարող վերցնել»:
Նախաքննությամբ պարզվել էր, որ բացի Ջուլիետա Ղուկասյանից, նույն օրը Անդրեյ Ռազգիլդեևի գործողություններից տուժել էր ևս մեկ անձ: Շիրակի մարզի դատախազը նաև նշել է, որ երկրորդ տուժողի նկատմամբ ևս նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: