Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով դատապարտված Խաչատուր Պողոսյանն ազատվեց պատժի հետագա կրումից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում այսօր դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ դատարանը որոշեց բավարարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը՝ դատապարտյալ Խաչատուր Պողոսյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ՝ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի: Դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, կա նաև միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունն այդ մասին:
Հիշեցնենք, որ Պողոսյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման 2013 թվականին՝ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում` փետրվարի 18-ին, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Պատժի 6 տարին նա արդեն կրել էր:
Նույն քրեական գործով կրկին 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել էպոսագետ Վարդան Սեդրակյանը և 12 տարվա ազատազրկման՝ Սամվել Հարությունյանը:
Դատական նիստին ներկա էր նաև Պարույր Հայրիկյանը, նա չառարկեց միջնորդության դեմ: Հայրիկյանը նշեց, որ Պողոսյանն Աֆղանստանի պատերազմի հետախույզ է, բավական ծանր կյանք է ունեցել և արժանի է խղճահարության: