Իշխանություններն ամեն ինչ իրենց ձեռքը չեն վերցնում, դա ժողովրդավարության կարևոր ցուցիչ է. Հայկ Կոնջորյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին հարց է ուղղվել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես, փետրվարի 17-ին հանրապետության մի քանի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն թեկնածու չէր առաջադրել, բայց ինքնառաջադրվածներ եղել են: Այն հարցին, թե ինչպե՞ս է, որ Վայոց ձորի մարզի Ուրցաձոր համայնքում ընտրվել է այն համայնքապետը, որին իշխանությունները հեռացրել էին, Լենա Նազարյանը պատասխանել է, որ եղել են ընտրություններ, և քաղաքացին կատարել է իր ընտրությունը:
Լենա Նազարյանի պատասխանը լրացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նա ասել է, որ կուսակցությունը թեկնածուներ չի առաջադրել:
«Կարծում եմ, որ հանրության մոտ անակնկալի էլեմենտներ կան, երբ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել: Եվ սա խոսում է, որ կարևոր փոփոխություններ են եղել, երբ իշխանություններն ամեն ինչ իրենց ձեռքը չեն վերցնում: Սա ժողովրդավարության կարևոր ցուցիչ է»,- ասաց պատգամավորը: