Դրանք էդքան շնորհք չունեն, որ շնորհավորեն, ես էլ խմելու շորերը դեռ չեմ հանել․ Ուրցաձորի նորընտիր համայնքապետ
«Ես ասել եմ, ժողովուրդն էլ ինձ հավատում է, որ իրենց քվեի պատասխանը իմ աշխատանքն է լինելու»,- այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի նորընտիր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։
Անդրեասյանի խոսքով նախընտրական շրջանում միայն մի խոստում է տվել՝ ինչքան շատ քվե, անքան շատ աշխատանք․ «Անցած ընտրություններից ստացածս քվեների քանակը աճել է։ Մի խոսքով լավ ա լինելու ավելին քան երբևէ։ Եթե նախկինում բյուջեի կրկնակիի չափ էի աշխատանքներ կատարում համայնքում, հիմա մի բան էլ ավել եմ անելու։
Դրսից բերելու եմ էդ փողերը»։
Անդրեասյանը նաև նշեց, որ գյուղում իրավիճակ է փոխվել՝ կրքերը հանդարտվել են։ Հարցին՝ մյուս թեկնածուները արդեն շնորհավորել են՝ Անդրեասյանը պատասխանեց․ «Դրանք էդքան շնորհք չունեն, որ շնորհավորեն։ Ես նախընտրական շրջանում մի հայտարարություն էի արել, որ ով հաղթի մյուսներով գնալու ենք շնորհավորելու։ Գոնե այդ կոչին հետևեին, փորձառու մարդ էի, խելքը գլխին բան եմ ասել, ինչի՞ չեն լսում։ Եթե կրկին Անդրեասյանի հրաժարականը պահանջեն, նա չի պատրաստվում հրաժարական տալ։ Իսկ թե ինչպես է պատրաստվում տոնել հաղթանակը, Անդրեասյանն ասաց, որ երեկ հայտարարել էր՝ ցանկացողները հագնեն խմելու շորերը ու ներկայանան իր տուն․ «Իսկ այսօր դեռ չենք հանում խմելու շորերը ու շարունակելու ենք երեկվա կիսատ թողած գործը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, ով հոկտեմբեր 10-ին տևական բողոքի ցույցերից հետո հրաժարական էր տվել: