Քաղսիում հաղթել է Սասուն Միքայելյանի 27-ամյա հովանավորյալը
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Արմա» թոնրատան տնօրեն, 27–ամյա Ռաֆայել Գրիգորյանը, ով ստացել է 470 ձայն։
Այս գյուղում ընտրական իրավունք ունեցող 1913 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 1338–ը՝ ընտրողների 69,94%-ը:
Նախկին գյուղապետերից Սեդրակ Դավթյանը ստացել է 307 ձայն, Հրազդանի անտառնտնեսության անտառապահ, ՀՅԴ–ական Գեւորգ Խուրշուդյանը 295, իսկ գյուղապետի նախկին տեղակալ Ռուդիկ Կարապետյանը 243 ձայն։
Նշենք, որ Ռաֆայել Գրիգորյանը վայելում է ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանի աջակցությունը։ Քարոզարշավի ընթացքում Միքայելյանը Քաղսիում ընտրողների հետ հանդիպմանը հորդորել էր ընտրել հենց այս թեկնածուին։
Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 10-ում՝ արտահերթ: Համայնքներից 20-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, եւ 4–ում ավագանու անդամի ընտրություններ: