Վենեսուելան մերժել է եվրապատգամավորների մուտքը երկիր
Եվրախորհրդարանի պատգամավոր Գոնսալես Փոնսն իր թվիթերյան էջում գրել է, որ եվրոպական մարմնի պատվիրակությանը թույլ չեն տվել մուտք գործել Վենեսուելայի տարածք։ Նրա խոսքով՝ պատվիրակության անդամների անձնագրերը վերցրել են և վտարել երկրից։ Նա նշել է, որ միակ բացատրությունն այս դեպքում այն է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն չի ցանկանում իրենց ներկայությունը երկրի տարածքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանի պատվիրակությունը մտադիր է հանդիպել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ, ով հունվարի 23-ին իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ եվրապատգամավորները նախապես ծանուցվել էին այն մասին, որ իրենց չի թույլատրվելու մուտք գործել երկիր։ Նրա խոսքով՝ պատգամավորները հետապնդել են «դավադրական նպատակներ»։