Ամերիկացի լուսանկարչուհին ընդհարվել է Լոնդոնի պատկերասրահի հետ Սակլերների հիմնադրամի պատճառով
Ամերիկացի ժամանակակից լուսանկարչուհի Նան Հոլդինը սպառնում է չեղարկել իր ցուցհանդեսը Լոնդոնի Ազգային պատկերասրահում, եթե պատկերասրահն ընդունի Սակլերների հայտնի հիմնադրամից 1 մլն ֆունտ գումարը, հաղորդում է The Guardian-ը:
Պարբերականը, հղում կատարելով Observer-ին, նշում է, որ Հոլդինը հայտարարել է, որ բազմաթիվ թանգարաններ ու պատկերասրահներ ֆինանսավորող միլիարդատեր Սակլերներն ամերիկյան դեղագործական ընկերության սեփականատերերն են, որն արտադրում է Օքսիկոնտին ցավազրկող դեղամիջոցը: Այն պարունակում է մեծ քանակությամբ օփիոիդներ, որոնք ունեն թմրեցուցիչ ազդեցություն:
Նշվում է, որ անցյալ շաբաթ լուսանկարչուհին իր բողոքն է հայտնել Նյու Յորքում Գութենհայմի թանգարանին եւ Մետրոպոլիտեն թանգարանին, որոնք եւս կապ ունեն Սակլերների հիմնադրամի հետ:
Հայտնի է, որ տվյալ դեղամիջոցի արտադրության վերաբերյալ Սակլեր ընտանիքի անդամների կարծիքները բաժանվել են: Եղբայրներ Արթուր, Մորթիմեր եւ Ռեյմոնդ Սակլերները մահացել են, իսկ Արթուրի դուստր Ելիզաբեթը վերջերս հայտարարել է, որ կոնկրետ իր ընտանիքը երբեք շահույթ չի ստացել ընկերության կողմից արտադրվող «բարոյապես զզվելի» Օքսիկոնտինից, որը ներկայումս տնօրինում են իր հորեղբոր ժառանգները: