Ճապոնիան Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այդ մասին ասել է նաև Թրամփը՝ ուրբաթ օրը Սպիտակ տանն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վարչապետ Սինձո Աբեն ինձ տվել է նամակի կրկնօրինակը, որը նա ուղարկել է այն մարդկանց, որոնք հենց շնորհում են Նոբելյան մրցանակը»,- ասել է Թրամփը:
Լրագրողները Թրամփից հետաքրքրվել են նաև փետրվարի վերջին Վիետնամում Կիմ Չեն Ինի հետ պլանավորված հանդիպումից, սակայն ԱՄՆ նախագահը շարունակել է խոսել Նոբելյան մրցանակի թեմայից.
«Ինձ մրցանակին են առաջադրել Ճապոնիայի նախաձեռնությամբ: Նրանք խնդրել են, որ ինձ Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեն»,- ասել է Թրամփը: