Հրթիռային պայմանագիրը միջազգային լարվածության զոհ դարձավ․ ԵԱՀԿ քարտուղար
ԱՄՆ և ՌԴ միջև գործող «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը միջազգային լարվածության և անվստահության զոհ դարձավ։ Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի։ Այս մասին ռուսական TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը։
«Անհանգստություն է առաջացնում այն, որ փլուզվում է նույնիսկ երկկողմ համաձայնությունը միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ… Դա իր հերթին հանգեցնում է անվտանգության խարխլման ու մեծացնում սպառազինությունների մրցավազքի վերսկսման հավանականությունը», – ասել է պաշտոնյան։
Հյուսիսային Ամերիկայի ու Եվրասիայի պետությունների զգալի մասին միավորող այս կառույցի քարտուղարն ասել է, որ վերջին տարիներին առհասարակ թուլանում է սպառազինությունների վերահսկման համակարգը, և նույնիսկ «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» համաձայնագիրը կորցրել է իր նախնական իմաստը։