ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է անում զորք ուղարկել Սիրիա
Միացյալ Նահանգների իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակում ՆԱՏՕ-ի՝ հատկապես եվրոպական դաշնակիցներին կոչ են անում զորք ուղարկել Սիրիա, որպեսզի ամերիկյան կողմն էլ այնտեղ թողնի 200 զինծառայող, և այդ զորախմբերը միասին պաշտպանեն քրդական ջոկատներին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։
ԱՄՆ սենատոր, նախագահ Դոնալդ Թրամփի անդամակցած Հանրապետական կուսակցության անդամ Լինդսի Գրեմը, ըստ լրատվամիջոցի հրապարակման, այս կոչը հնչեցրել է Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում։ Նա ասել է, որ եթե դաշնակիցները 1500 զինծառայող ուղարկեն Սիրիայի հյուսիս, ապա Թրամփն էլ այնտեղ կթողնի 200 զինծառայող։
Այդ միացյալ զորախումբը, ըստ սենատորի, անվտանգության գոտի կստեղծի այդ հատվածում և թույլ չի տա, որ ներխուժած թուրքական բանակը հաշվեհարդար տեսնի քրդական տեղական ինքնապաշտպանական ուժերի հետ։ Վաշինգտոնը հատկապես ակնկալում է ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներից Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի աջակցությունն այս հարցում, սակայն եվրոպական կողմն առայժմ չի արձագանքել կոչին։
Ամերիկյան կողմը, հիշեցնենք, Սիրիայի հյուսիսում սեփական մարտական գործողություններ ձեռնարկելիս և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքար ծավալելիս ապավինել է հենց քրդական ջոկատների աջակցությանը, և հիմա քրդական կողմը հույս ունի, որ ամերիկացիները նրանց միայնակ չեն թողնի իրենց թշնամի համարող թուրքական բանակի դեմ հանդիման։