Ավազակային հարձակում Երևանում. պարանը գցել են վաճառողի պարանոցին և գումար հափշտակել
Այսօր՝ փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 2 տղամարդ ներս են մտել Լենինգրադյան – Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցենտրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:
Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանն ու դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անձինք եղել են առանց դիմակի և խանութ-պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազ դրամ։