Սեզոնային աշխատանքի ընդունվողները չպետք է զրկվեն նպաստից․ Փաշինյանը հանձնարարեց մեխանիզմ ստեղծել
Բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, և անհրաժեշտ է մշակել մեխանիզմ, որ սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հանձնարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մյուս հանձնարարականով Փաշինյանը հրահանգեց հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով։
Մյուս հանձնարարականը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր միաժամանակ և՛ նպաստ են ստանում, և՛ խոշոր վարկեր են փակում։
«Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական 100 հազար դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից», – ասաց Փաշինյանը, բայց չբացահայտեց, թե ինչ է լինելու այդ բացահայտումների արդյունքում։
Մինչ այս, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր, որ նման նպաստ ստացող մոտ 12 հազար քաղաքացի կա, որոնց մի մասը 500 հազար և ավելի դրամ ամսական վարկ են փակում, հետևաբար, նպաստի կարիք չեն կարող ունենալ։