Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր (տեսանյութ)
Անցած երեք օրերի ԱԺ լիագումար նիստերի գերծանրաբեռնված օրակարգին զուգահեռ՝ փետրվարի 13-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի ու Նորա Առուստամյանի հետ հանդիպում ունեցանք Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հայկական կողմը մասնավորապես հետաքրքրված էր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման և վիզաների ազատականացման գործընթացի մանրամասներով, իսկ եվրոպական մեր գործընկերները՝ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով:
Խոսեցինք հետհեղափոխական շրջանում քաղաքացիական հասարակության և մամուլի դերի ու իշխանության թևերի հետ հարաբերությունների մասին: Քննարկեցինք ներառական կրթությանը, տեղական ինքնակառավարման և տարածքային զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցեր:
Նույն օրը երեկոյան մասնակցել եմ Իտալիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին ներկա էին ոչ միայն Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանները, այլ նաև Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները, ինչպես նաև՝ մի շարք հասարակական գործիչներ: Ստացա մանրամասն տեղեկատվություն ԵՄ անդամ երկրներում Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման գրծընթացի մասին: Տարբեր երկրներում այդ գործընթացը գտնվում է տարբեր փուլերում, բայց բոլոր դեպքերում այն ընթանում է տվյալ երկրի խորհրդարանական օրակարգով պայմանավորված տեմպով»: