Մագնիտոգորսկում փլատակների տակ 35 ժամ մնացած փոքրիկին դուրս են գրել հիվանդանոցից
Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից փրկված երեխային այսօր դուրս են գրել հիվանդանոցից: Երկու օրից լրանում է Իվան Ֆոկինի 1-ամյակը: Երեխային և նրա մայրիկին հիվանդանոցի առջև դիմավորել են շտապօգնության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկի բազմաբնակարան շենքերից մեկում կենցաղային գազի պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել էր շենքի մուտքերից մեկը: Միջադեպի հետևանքով մահացել էր 39 մարդ, ևս 24-ին հնարավոր էր եղել փրկել: Փրկվածների թվում էր նաև Իվան Ֆոկինը, որը փլատակների տակ էր մնացել ավելի քան 35 ժամ:
Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նրա մոտ ախտորոշվել էր վերջույթների լուրջ ցրտահարություն, գանգուղեղային փակ վնասվածք, սրունքի բազմաթիվ կոտրվածքներ և ընդհանուր հիպոթերմիա: