Ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում. Ավինյան
Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը:
Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն եւ գույքագրում: Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաեւ այժմ ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի գերակայություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաչեյ Չուրան ասել է, որ այս տարի լրանում է Հայաստանի հետ ԵՆԲ գործընկերության 10 տարին, որի ընթացքում իրականացված եւ շարունակվող ծրագրերի ծավալը շուրջ 380 մլն եվրո է կազմել: Նա նաեւ նշել է, որ կառավարության ներկայացրած զարգացման տեսլականը ներդաշնակ է ԵՆԲ-ի Հայաստանում գործունեության ռազմավարական նպատակների հետ, որոնք են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածին աջակցությունը եւ կլիմայական փոփոխությունների ազդեցության մեղմումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգի, էներգետիկայի և էներգաարդյունվետության ոլորտներին վերաբերող ծրագրերին ու դրանց կատարման գործընթացին։