Սոչիում կկայանա ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների` Սիրիայի հարցով հերթական հանդիպումը
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն այսօր Սոչիում Սիրիայի հարցով բանակցություններ կվարեն: Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը: Սա արդեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով երեք նախագահների չորրորդ գագաթնաժողովն է:
Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն սահմանադրական հանձնաժողով ստեղծելու հարցը, որում պետք է ընդգրկվեն Դամասկոսի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում 3 երկրների ղեկավարները կքննարկեն նաև Իդլիբի հարցը. այս տարածքը դեռ գտնվում է զինյալների հսկողության ներքո:
Քննարկման թեմաներից մեկն էլ Սիրիայում ստեղծվելիք իրավիճակն է ամերիկյան զորակազմի դուրսբերումից հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում գտնվող իր շուրջ 2000 զինվորականներին դուրս բերել առաջիկա ամիսների ընթացքում: