Կիևում նշել են հայկական Տեառնընդառաջի տոնը
Ուկրաինայի մայրաքաղաքում Տեառնընդառաջի տոնը նշել են ընդարձակ ծրագրով, միջոցառումների ցանկում են՝ նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, հյուրասիրություն եւ ժողովրդական երաժշտություն: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Տոնակատարությանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության, Կիեւի հայկական համայնքի, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան և հոգեւորականության ներկայացուցիչներ:
Հին ավանդույթի համաձայն, որը ծագում է մինչքրիստոնեական դարաշրջանից, օրհնված մոմով վառվում է խարույկը, որը խորհրդանշում է Քրիստոսի փրկող լույսը: Այս տարի Կիեւում խարույկը վառել են Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Եկեղեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպանը դիմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տեառնընդառաջի տոնական սուրբ պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության ծեսը: