Ալավերդցիները երկաթգիծը բացել են, սպասում են Ավինյանին
«20։30-ի դրությամբ բացել ենք երկաթգիծը, քանի որ Լոռու մարզպետը խոստացել է, որ ուրբաթ օրը Ալավերդի կգան կառավարության ներկայացուցիչներ, տեղում կպատասխանեն մեր հարցերին և մտահոգություններին»․ ասաց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը՝ նշելով, որ ակնկալում են ուրբաթ օրը Ալավերդիում տեսնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, քանի որ նա է այդ խնդրով զբաղվել, և մարզպետն էլ հավաստիացրել է, որ նա է գալու։
Արմեն Կիրակոսյանն ասաց՝ «խնդիրը բրդում են իրար վրա», և իրենք հուսով են, որ այդ օրը կառավարության ներկայացուցիչները, գործարանի ղեկավարությունը և նաև գրավառու բանկի ներկայացուցիչները կկարողանան ընդհանուր մոտեցում ձևավորել։ Իսկ եթե այդ այցից հետո էլ գործարանի պարապուրդը շարունակվի, ըստ Կիրակոսյանի, ալավերդցիները ոչ միայ կփակեն Երևան-Թբիլիսի երկաթգիծը, այլեւ միջպետական ճանապարհը։
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց աշխատանքային պայմանագրերը կնքված են
մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը, եւ եթե մինչև այդ պղնձաձուլարանի
վերագործակման հարցը չլուծվի, կզրկվեն նաև աշխատավարձի այն մի մասից՝
2/3-րդից, որ ստանում են 2018-ի հոկտեմբերի 19-ից՝ գործարանի աշխատանքի
դադարեցումից հետո։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի
աշխատակիցները և քաղաքի բնակիչները փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը՝
պահանջելով վերագործարկել պղնձաձուլարանը: