Թբիլիսիում Մելիք-Ազարյանցի տունը փլուզման եզրին է (տեսանյութ)
«Թբիլիսիում Մելիք-Ազարյանցի տունը փլուզման եզրին է. ո՞վ պետք է զբաղվի հարցով»,- հռետորական հարց է հնչեցնում նյութի հեղինակ Լիզա Թորսյանը:
Նրա պատրաստած հեղինակային տեսանյութից տեղեկանում ենք, որ Թբիլիսիի կենտրոնում հայ գործարար, բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի շենքի գեղաշուք ֆասադը քանդվում է: Սոցցանցերում ահազանգում են՝ շենքն անհրաժեշտ է փրկել: Ով պետք է զբաղվի հարցով, եթե շենքը մասնավոր սեփականություն է:
Այսօր ժամանակի փորձություններ տեսած շենքը կանգուն է՝ չնայած այն ապամոնտաժելու մի քանի փորձերի՝ Խորհրդային Միության ժամանակ և դրանից հետո: Կանգուն է, սակայն վթարային վիճակում: Տասնամյակների ընթացքում կուտակված աղբը հետզհետե ոչնչացնում է շենքի հիմքերը, դրան նպաստում են նաև Մթածմինդայից հոսող ստորգետնյա ջրերը:
Նշենք, որ Թբիլիսիի ոչ բոլոր «հայկական հետք» կրող հուշարձան-շինություններն են գտնվում նման անմխիթար վիճակում: Հանգամանքի բերումով, թե դիտավորությամբ՝ մոռացության են մատնվում նաև այն հայ բարերարների անունները, որոնց մասնավոր միջոցներով ու անմիջական ղեկավարությամբ կառուցվել ու շարունակում են գործել աշխարհահռչակ Ռուսթավելու անվան պետական թատրոնի շենքն ու նույն փողոցի վրա գտնվող համանուն հյուրանոցը: