Մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է. Դավիթ Տոնոյան
Մեր որոշումը՝ Սիրիայի Հանրապետություն հումանիտար կոնտինգենտ գործուղելու, եղել է իրավաչափ, այստեղ հարց լինել չի կարող: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին՝ պատրա՞ստ է պատասխանել ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքին, որ հետևել է իր հայտարարությանը, Տոնոյանը նշեց, որ կարծում է՝ ԱՄՆ դեպարտամենտին արձագանքելու է ԱԳՆ-ն:
ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքի պատճառների մասին խոսելիս՝ նախարարն ասաց.
«Կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է և շահարկման առարկա չի կարող հանդիսանալ որևէձևով»:
Հարցին՝ Սիրիայում ռազմական գործողությունների մեջ ներգրավվելը բացառո՞ւմ է, նա պատասխանեց, որ երեկ իր հայտարարությունը՝ ռազմական գործողությունների հետ կապված, ամենևին չէր վերաբերում Սիրիայում, այլ ընդհանրապես, եթե որևէ պայմաններ, հանգամանքներ լինեն, երբ անհրաժեշտություն լինի աշխարհի ցանկացած կետում ռազմական գործողություններին ՀՀ զինված ուժերի ներգրավումը, դա ևս կատարվելու է օրենքի տառին համապատասխան:
ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքի մասին խոսելիս նախարարը նաև կարծիք
հայտնեց, որ այդտեղ որոշակի թարգմանության խնդիր էլ կա, ոչ թե «չեն պաշտպանում», այլ «չեն աջակցում»: Նա կրկնեց՝ մենք հումանիտար կոնտինգենտ ենք գործուղել, և ոչ զինվորականներ: