Արնանման հետքեր, գնդակ. նոր մանրամասներ Սպիտակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքից
Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։
Ժամը 13-ն անց 20-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին հաղորդել, որ 41-ամյա մի տղամարդ է բուժհաստատություն տեղափոխվել։ Ախտորոշվել էր «որովայնի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք»։
Հոսպիտալացված 41-ամյա Գարուշ Մարությանը գիտակցության չգալով մահացել էր: Նույն օրը հրազենային վնասվածքով մեկ այլ տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Խոսքը «Վանաձոր» բժշկական կենտրոնում հոսպիտալացված 31-ամյա Կամո Քալաշյանի մասին էր։
Ոստիկանության աշխատակիցները նախ պարզեցին, որ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԱՊՊԱ գրասենյակներից մեկում: Շուտով հայտնի դարձավ, որ տղամարդիկ հիվանդանոցներ էին տեղափոխվել նույն վայրից։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները գրասենյակն ու հարակից տարածքը մանրակրկիտ զննել էին, հայտնաբերել՝ արնանման հետքեր, հրազենի գնդակ և այլն։