ՊԵԿ նախագահն ԱՄՀ առաքելության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը և հարկային օրենսդրության բարեփոխումները:
Անդրադարձ է եղել հարկային ստվերի գնահատման և բացահայտման առցանց համակարգի ներդրման գործընթացին, հարկային ստուգումների իրականացման համար ռիսկային նոր չափանիշների սահմանմանը և կատարելագործման անհրաժեշտությանը՝ կարևորելով միջազգային առաջավոր փորձը նշված ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդունելության ընթացքում ամփոփվել են ԱՄՀ առաքելության և ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանի, Միքայել Փաշայանի, Արթուր Մանուկյանի, ինչպես նաև կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների արդյունքները:
ԱՄՀ առաքելությունը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՊԵԿ-ին՝ հարկային վարչարարության արդիականացման ուղղությամբ ընթացող աշխատանքների արդյունավետ իրականացման գործում՝ ակնկալելով դրական արդյունքներ:
Կողմերը գոհունակություն են հայտնել ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության ընթացքից: