Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Բելառուսում
Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Մինսկի «Լուչ» ակումբում:
Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
«Добро пожаловать или Бари галуст, Арсен Джан!»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Լուչը» հանդես է գալիս Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում: Նախորդ մրցաշրջանը թիմն ավարտել է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք` 25-ամյա դարպասապահը «Կուբանի» և «Կրասնոդարի» մանկապատանեկան դպրոցների սան է: Հանդես է եկել հայկական «Գանձասար-Կապան», «Շիրակ», «Ուլիս», «Միկա» և «Ալաշկերտ» ակումբներում: Վերջինիս կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն:
Բեգլարյանի վերջին ակումբը լատվիական «Լիեպայան» էր:
Հայաստանի Ազգային հավաքականում Բեգլարյանն իր նորամուտը նշել է 2013 թվականին, իսկ պաշտոնական խաղերում առաջին անգամ հանդես է եկել 2016 թվականին` Դանիայի հետ խաղում: Բեգլարյանն այդ խաղում հետ է մղել Քրիստիան Էրիքսենի իրացրած 11-մետրանոցը:
Ընդհանուր առմամբ, Արսենը Հայաստանի հավաքականի կազմում 14 հանդիպման է մասնակցել: