Ռուսաստանի Լուգա քաղաքի հայ բնակիչը կարողացել է մինչ փրկարարների ժամանելը դուրս բերել փոքր երեխային հրդեհվող տան միջից
Ռուսաստանի Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում բնակարանային սպասարկման ծառայության աշխատակից Ալեքսանդր Վարդանյանը փրկել է հրդեհվող տան մեջ մնացած երեխայի կյանքը, այս մասին գրում է «РУСАРМИНФО»-ն:
«Ես բնակելի տան տանիքի նորոգում էի իրականացնում, երբ զգացի ծխի հոտ: Ես իջա ներքև և տեսա, որ թիվ 32 բնակարանի դռան անցքից ծուխ է դուրս գալիս: Դուռը բանալիով փակ էր: Հարևանները կանչեցին հրշեջ փրկարարների ու շտապօգնություն: Խանութից վերադարձած տատիկը բացեց դուռը, տունն ամբողջովին ծխի մեջ էր: Տատիկն ու հարևաններն ինձ ասացին, որ տանը երեխաներ կան: Ես սողոսկեցի միջանցքով դեպի սենյակ կարողացա շոշափել երեխայի ձեռքը: Նա աղջիկ էր, անգիտակից վիճակում էր: Ես դուրս հանեցի նրան: Իսկ տղային փրկեցին արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները»,- պատմել է Վարդանյանը:
Տեղական լրատվամիջոցները փախանցում են, որ հրդեհը ծագել է այն ժամանակ, երբ ընտանիքի տատիկը գնացել է խանութ՝ թողնելով երեխաներին տանը միայնակ: Աղջիկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, տղայի կյանքը փրկել չի հաջողվել: