Պետք է ամեն ինչ անել Երևանից դուրս գործարար համայնքների զարգացման համար. Փաշինյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը կառավարության ծրագրի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց վարչապետին՝ գյուղատնտեսության զարգացման կառավարության տեսլականի մասին, մասնավորապես տվյալ բաժնում նշված է, որ մի կողմից կառավարությունն անթույլատրելի է համարում գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ի անմշակ մնալը, մյուս կողմից կառավարությունը խնդիր է դրել նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդայնմանը:
«Գյուղատնտեսության ընդլայնման ուղղությամբ բավական աշխատանքներ կան, այդ թվում օրգանական գյուղատնտեսության, բարձրաժեք, ոչ ավանդական գյուղմթերքների արտադրության, որոնց մասին չկա ծրագրում: Մտահոգություն կա գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց շրջանում: Խաղողագործներ, կաթի, մսի արտադրողներ, մեղվապահներ, այդ մարդիկ հիմա մտածում են՝ ի՞նչ անեն, շարունակել իրենց գործո՞վ զբաղվել, թե՞ ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվեն: Հիմա ո՞րն էր նպատակը»,-հարցրեց նա վարչապետին:
Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մեր ծրագրում ոչինչ գրված չէ պատգամավորների գործունեության մասին, հույս ունենամ՝ դա ձեզ չի մղում այն մտքին, որ պետք է վայր դնեք ձեր պատգամավորական մանդատներն ու դուրս գաք խորհրդարանից»:
Իսկ անդրադառնալով բուն հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պետք է ամեն ինչ անեն Երևանից դուրս գործարար համայնքների զարգացման համար, այսինքն՝ տարածքային համաչափ զարգացում ապահովել, հավելեց.
«Նշեցիք չմշակվող հողերի ու ոչ գյուղատնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ, մեկը մյուսի հաշվին չպետք է արվի, չմշակվող հողերի հետ կապված մեծ պրոբլեմներ կան, երբ սեփականատերերը Հայաստանում չեն բնակվում, և մնում են չմշակված, պետք է ունենալ այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որ շահագրգռված լինեն այդ հողերը տալ վարձակալության»:
Ըստ նրա՝ Հայաստանում մանր և միջին բիզնեսի զարգացման համար կարևոր է էկոտուրիզմի զարգացումը, դա է, որ համարում են ոչ գյուղատնտեսական գործունեության ձևերից մեկը:
«Կառավարությունը ոլորտը խթանելու ֆինանսական միջոցներ ունի գրանտների միջոցով, խոսում ենք վարկային միջոցների հասանելիությունը բարձրացնելու մասին: Ինչ վերաբերում է այն տրամաբանությանը, որ անասնապահությունը պիտի միտված լինի արտահանմանը, եթե անասնագլխաքանակն աճում է, բերում է շուկայում մսի գնի անկման, և տնտեսությունների սնանկացման շղթա է ստեղծվում, ուրեմն արտահանման ուղղությամբ պետք է զարգացնենք անասնապահությունը, մսի արտահանման ուղիները, և պրոցեսը տեղի է ունենում»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: