Գյուղատնտեսական ապրանքն անհրաժեշտ է հաշվառել` հետագայում «ստաժ» հաշվելու համար. Նիկոլ Փաշինյան
«Ամբողջ խնդիրն այն է, որ անհատ գյուղատնտեսի թողարկած արտադրանքը որևէ կերպ չի հաշվառվում, և սա իր հերթին բերում է ստվերային տնտեսության խնդիր: Օրինակ, երբ որ ռեստորանները սուպերմարկետներից վերցնում են գյուղմթերք, ապա այդ գյուղմթերքի հանձնման-ընդունման գործընթացը չի հաշվառվում, հետևաբար, հետագայում հարկային հաշվետվություններ տալու առումով որոշակի բարդություններ են առաջ գալիս»,- գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքային տարիները «ստաժ» հաշվելու մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը կարծում է, որ նշված արդյունքին հասնելու համար պետք է սկսեն գյուղատնտեսական ապրանքը հաշվառելուց, և դա չի նշանակում, որ այդ արտադրանքի համար պատրաստվում են գյուղացիներին հարկել:
«Մենք սրանով առնվազն կարողանալու ենք ստվերային տնտեսությունը կրճատել և պետական ստվերայնության մակարդակն իջեցնել: Երբ որ այս հաշվառման համակարգը գործի, ապա գյուղատնտեսության արտադրանքի հաշվառված արդյունքը կարող է ինչ-որ մեխանիզմով համարվել նաև աշխատանքային ստաժ»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը կարծում է, որ այս հարցի շուրջ գյուղացիների հետ քննարկումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: