Մենք, կներեք, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն անել չենք պատրաստվում. Նիկոլ Փաշինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ այս պարագայում, երբ կառավարության ծրագրում առատ չեն թվային ցուցանիշները, ինչպե՞ս է ապահովվելու հաշվետվողականությունը, որպեսզի վերահսկվի և ստվերային շրջանառությունը բացառվի, որ վերահսկողությունը կախված չլինի մարդկային գործոնից:
Նա նաև խոսեց արտաքին քաղաքականության մասին, նշեց՝ կարծիք կա, որ ծրագիրն արտաքին քաղաքականության առումով չունի հեղափոխական դիրքորոշում:
«Ես համաձայն չեմ, որ ծրագիրը չափելի չէ, քանի որ կառավարությունը ներկայացնելու է բյուջեի կատարման հաշվետվություն. ամեն տարի մինչև մարտի 1-ը կառավարությունն ԱԺ է ներկայացնում իր ծրագրի կատարման ընթացքը, անընդհատ ԱԺ բյուջետային գրասենյակը ստանում է բյուջեի հավաքագրման ցուցանիշները»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ չափելի է նաև աղքատության ցուցանիշը. երկու տարին մեկ հետազոտություն է իրականացվում, և տվյալներ են հրապարակվում, ամեն տարի ասում են՝ ծայրահեղ աղքատությունը վերացնենք, և վերանո՞ւմ է այն, թե՞ ոչ, թոշակն ավելանո՞ւմ է, նպաստները, օտարերկրյա ներդրումներն աճո՞ւմ են, թե՞ ոչ, նոր աշխատատեղ ստեղծվո՞ւմ է, թե՞ ոչ, այդ ամենը չափելի է:
«Ես այդ տրամաբանությունը երբեք չեմ հասկացել, որ պիտի բարդ տնտեսագիտական բանաձևեր դնենք, որ ոչ ասողը հասկանա, ոչ լսողը: Բյուջեի եկամուտներն աճո՞ւմ են, թե՞ ոչ, ստվերը կրճատվո՞ւմ է, թե՞ ոչ, դա շատ չափելի է»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարն ասաց, որ հեղափոխության ժամանակ հարթակից տրված իրենց պարտավորությունը եղել է այն, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:
«Այն, ինչ Ղարաբաղի հարցի վերաբերյալ ասացի, դա հեղափոխությո՞ւն է, թե՞ ոչ, եթե որևէ մեկը կասի, որ դա հեղափոխություն չէ այդ տրամաբանությամբ, ուրեմն՝ ինքը հեղափոխություն համարում է միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը: Մենք, կներեք, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն չենք պատրաստվում անել»,- ասաց նա: