Մենք լրացուցիչ որևէ գումար չենք օգտագործել 2018-ին և ոչ էլ պատրաստվում ենք օգտագործել 2019-ին. ֆինանսների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
Նա անդրադարձել է պարգևավճարների հարցին և նշել, որ մենք մշտապես դժգոհ ենք երկրի հանրային ծառայությունների որակից.
«Մենք լրացուցիչ որևէ գումար չենք օգտագործել 2018-ին և ոչ էլ պատրաստվում ենք օգտագործել 2019 թ․-ին: Բոլոր միջոցները եղել են բացառապես բյուջեով նախատեսված: Հիմա էլ կարող ենք համարել, որ մենք չպիտի նախատեսեինք պարգևավճարներ: Սա ընտրության հարց է. գնալ այդ ճանապարհով և նշել, որ մենք չենք ցանկանում՝ որևէ բան փոխվի, թե գնալ այն ճանապարհով, որ ամեն մարդ իր գործով զբաղվի և պատասխանատու լինի իր արարքի համար: Մեր կարծիքով՝ ճիշտ ճանապարհը երկրորդն է»:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ արտաբյուջետային ֆոնդերի թեմային անդրադարձ եղել է տարիներ շարունակ: Անցյալ տարի ԱԺ ներկայացված նախագծի մեջ արդեն իսկ ներառված էր արտաբյուջեին վերաբերող մասը:
«ԱԺ ներկայացված նախագծի մեջ ոչ թե ներառված փաթեթները դադարում են մեր երկրի մեջ, այլ, որ ԱԺ-ն է հաստատում արտաբյուջեի նախահաշիվը: Արտաբյուջեն քննադառության թիրախ է եղել, քանի որ դրա նախահաշիվը հաստատել է կառավարությունը և ծախսերը կապակցված են եղել եկամուտների տեսակների հետ»:
Ատոմ Ջանջուղազյանը նաև նշել է, որ որպես այլընտրանք քննարկվել է բազային աշխատավարձը բարձրացնելու հարցը, սակայն իր խոսքով, երբ մարդը սովորում է որևէ վարձատրության չափի, դա դադարում է խթան լինել: