Վարդենիսի համայնքապետի թեկնածուն ու նրա աջակիցները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը. պահանջում են մարզպետի հրաժարականը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեժ մթնոլորտ է։ Արդեն քանի ժամ է՝ առաջադրված թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն ու աջակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին՝ բողոքելով խտրական մոտեցումից ու անարդարությունից։
Tert.am-ի հետ զրույցում Գևորգ Սիմոնյանը նշեց. «Նույն ահավոր պատկերն է, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում էր:
Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող․ պահանջում ենք մարզպետի հրաժարականը։
Մեկ ամիս է՝ մարզպետն իր համակուրսեցուն նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար։ Նա խոչընդոտում է բոլոր թեկնածուներին, վախեցնում։ Իր հրամանով արգելել են ինձ հանդիպել հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Իսկ մյուս թեկնածուներն արդեն հանդիպել են։ Այդ պատճառով էլ փակել ենք ճանապարհը ու պահանջում ենք մարզպետի հրաժարականը»,- մանրամասնեց Գևորգ Սիմոնյանը։
Մինչդեռ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը վստահեցնում է՝ դրանք անհիմն մեղադրանքներ են։ «Իրենց պատճառաբանություններն անընդհատ փոխվում են։ Իրենք աշխատանքային ժամին են մտել հիվանդանոց, ու այն պահին, երբ ծանր դեպք կար, վթարի հետևանքով չորս հոգու լուրջ վնասվածքներով բերել էին հիվանդանոց։ Ո՞նց կարող էին աշխատողներն այդ պահին իրենց լսել, երբ որ լուրջ դեպք կար», -Tert.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց Արամ Մելքոնյանը։
Մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում: