Կոռուպցիան գլխատված է. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ունի 15 անդամ և ԱԺ-ի ամենամեծ մշտական հանձնաժողովնեից մեկն է, որը նախագահում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ նույնպես ընտրվել է «Իմ քայլը» խմբակցությունից: Հովիկ Աղազարյանն ընտրվել է միաձայն:
Մինչ ընտրությունը Աղազարյանը խոսել է տնտեսական որոշ խնդիրների վերաբերյալ, ներկայացրել նաև իր պատկերացումները տնտեսական հեղափոխության մասին:
Աղազարյանն ասել է, թե շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են իբրև արտառոց, արտասովոր մի երևույթ, բայց իրականում տնտեսական հեղափոխությունը հնի ժխտումն է:
«Իհարկե, Թավշյա հեղափոխության ժամանակ մենք ամեն ինչ չէ, որ ժխտել ենք, որովհետև մեր հեղափոխությունը հենց դրանով էլ տարբերվել է: Ես կարող եմ մի բան ասել, որն ամենակարևորն է: Կոռուպցիան որպես այդպիսին գլխատված է: Այսօր վստահաբար փոխմարզպետների մակարդակից և վեր ամեն ինչ ընթանում է հեղափոխության արժեքներին համահունչ, և ոչ մեկը չի կարող անհանգստություն ունենալ, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաները թաթախված են կոռուպցիոն ռիսկերի մեջ»,- նշել է Հովիկ Աղազարյանը: