ԱՄՆ-ի կառավարությունը կանգնած է նոր «շաթդաունի» վտանգի առաջ
ԱՄՆ-ն կանգնած է կառավարության նոր «շաթդաունի» վտանգի առջև: Այս մասին հայտնել է BBC-ն:Դեմոկրատները և հանրապետականները բանակցություններ էին վարում, որպեսզի այսօր արդեն հասնեն համաձայնության՝ կապված սահմանային անվտանգության հետ: Սակայն բանակցությունները փակուղի են մտել:
Կողմերի միջև տարաձայնություններ են ծագել ձերբակալվող ներգաղթյալների թվի շուրջ: Դեմոկրատները պահանջում են, որ ներգաղթյալների հարցով զբաղվող գերատեսչությունը կենտրոնանա միայն քրեական պատմություն ունեցող ներգաղթյալներին կալանավորելու վրա, ոչ թե նրանց վրա, ում վիզայի ժամկետը լրացել է: Այսպիսով, նրանք պահանջում են նվազեցնել ներգաղթյալների կալանավորման կենտրոններում տեղադրված մահճակալների թիվը, մինչդեռ հանրապետականները պահանջում են ավելացնել դրանք:
Բացի այդ, դեմոկրատներն առաջարկել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցման համար տրամադրել մինչև 2 մլրդ դոլար, մինչդեռ ԱՄՆ նախագահը պահանջում է 5.7 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին համաձայնել էր վերջ դնել ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը, որը տևել էր 35 օր և ամենաերկարն էր ԱՄՆ պատմության մեջ: Սակայն դրա դիմաց օրենսդիրները մինչև փետրվարի 11-ը պետք է լուծեին սահմանային անվտանգության հետ կապված իրենց տարաձայնությունները: