«Արագած» ռեստորանի բակում՝ ձկների համար նախատեսված լողավազանում, հայտնաբերվել է Ապարանի 54-ամյա բնակչի դին
Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում՝ «Արագած» ռեստորանային համալիրի բակում՝ ձկների համար նախատեսված լողավազանում տղամարդու դի կա:
Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ոստիկանության Ապարանի բաժնում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժի օպերատիվ խումբը:
Ոստիկաններն ու փրկարարները լողավազանից դուրս են բերել Ապարան քաղաքի
բնակիչ, 54-ամյա Վաչիկ Թադևոսյանի՝ ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի
վայրում զննություն են կատարում քննիչներն ու ոստիկանության Արագածոտնի
մարզային վարչության փորձաքրեագետը: Օպերատիվորեն ժամանել են նաև դատական
բժիշկը և դի տեղափոխող հերթապահ խումբը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի
շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կայքը հայտնում է, որ Վ. Թադևոսյանը փետրվարի 8-ից իր հարազատների
կողմից որոնվում էր և այսօր առավոտյան նրա հարազատները դիմել էին Ապարանի
ոստիկանություն:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված ռեստորանային համալիրում
տեղադրված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Վ. Թադևոսյանը լողավազանի
մոտ սայթաքում և մի տևական ժամանակ փորձում է վեր կենալ, սակայն
չկարողանալով՝ գլորվում և ընկնում է լողավազանի մեջ: Քննիչը նույնպես
առգրավել է տեսախցիկի կողմից արձանագրված այդ պահը: