Ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ, ես շատ ոգևորված էի. Հենրիխ Մխիթարյան
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում «Հադերսֆիլդ»-ին
հաղթելուց հետո Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի
կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրուցել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
«Արդյունքը գոհացնող էր, խաղը` ոչ: Վերջին արտագնա հաղթանակը տարել էինք երկու ամիս առաջ, այնպես որ սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Ուրախ ենք, որ 3 միավորը վաստակեցինք: Կարծում եմ, որ շատ կարևոր էր առաջին խաղակեսում երկու գոլ խփելը: Բացի այդ այլ հնարավորություններ էլ ունեինք հաշիվը խոշոր դարձնելու, սակայն այսօր մեր բախտը այդքան էլ չբերեց:
«Հադերսֆիլդը» նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ սկսել են ավելի լավ խաղալ: Ես նրանց հաջողություն եմ ցանկանում: Ամենակարևորն այն է, որ մենք այսօր հաղթեցինք և կարող ենք տուն վերադառնալ երջանիկ:Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում, քանի որ ցանկացած միավոր կարևոր է: Այժմ կարող ենք կենտրոնանալ Եվրոպա լիգայի հանդիպման վրա, որից հետո կրկին վերադառնալ Պրեմիեր լիգայի խաղերին:
Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ, ես շատ ոգևորված էի:
Կշարունակեմ աշխատել և անել ամեն ինչ թիմի համար»,- Մխիթարյանի խոսքերը
մեջբերում է «զինագործների» պաշտոնական կայքը: