Ամանորի գիշերը ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել .ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն դեպքի մասին չեն հայտնել
Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքում տեղադրված չէ:
Պաշտպանության նախարարությունից այն հարցերին, թե ինչու ՊՆ-ն չի
հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը,
պատասխանել են.
«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային
զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ
ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: ՊՆ-ից առաջարկել են լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին:
ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել:
Պայմանագրային զինծառայողը երեք երեխայի հայր էր: