Ընդդիմությունը հրաժարվել է Թաիլանդի արքայադստերը վարչապետի թեկնածու առաջադրել՝ միապետի հանդեպ հարգանքից դրդված
Թաիլանդի «Թհաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը, որն ավելի վաղ երկրի վարչապետի թեկնածու էր առաջադրել արքայադուստր Ուբոլա Ռաթանին, ականջալուր է եղել նման քայլի անընդունելիության մասին թագավորի կարծիքին, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
«Կուսակցությունը կգործի թագավորական հրամանին համապատասխան»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ, որը մտադիր է հարգանքով վերաբերվել ավանդույթներին եւ միապետի որոշմանը:
Ավելի վաղ Թաիլանդի թագավոր Մահա Վաթչիրալոնգկոնը հայտարարել էր, որ իր 67-ամյա քույրը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, քանի որ դա հակասում է երկրի սահմանադրությանը եւ թաիլանդյան ավանդույթներին: Դրա հետ կապված հրապարակվել է հատուկ թագավորական հրաման:
Թաիլանդում են հետեւում են ավանդույթի, որի համաձայն՝ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները քաղաքական գործերին ակտիվ մասնակցություն չեն ունենում:
Թաիլանդում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 24-ին: