Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը
Իրանի խորհրդարանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրասիական տնտեսական միության և Թեհրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, ինչի մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Մեհդի Սանային, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Առևտրի ազատ գոտու վերաբերյալ համաձայնագիրն իսկապես Իրանի խորհրդարանում է: Դեռևս փաստաթղթի ոչ պաշտոնական քննարկումն է ընթանում: Դա նշանակում է, որ շատ շուտով այն կհաստատվի»,-ասել է դիվանագետը:
Իրանի դեսպանը մանրամասնել է, որ համաձայնագիրն արդեն հաստատվել է ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարաններում:
«Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում այդ գործընթացն ընթացքի մեջ է»,-հավելել է Սանային:
Դեսպանը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս արագ կավարտվի, ինչպես նաև ընդգծել է, որ դա կարևոր քայլ կլինի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական տեսանկյունից:
Սանայիի կարծիքով՝ ներկայիս արտաքին քաղաքական կոնյունկտուրան երկրների մերձեցման է դրդում:
«Մենք պետք է բարձրացնենք և՛ Ռուսաստանի, և՛ մյուս երկրների հետ առևտրային հարաբերությունների մակարդակը: Լիահույս եմ, և նույնիսկ վստահ, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը կօգնի այդ հարցում»,-եզրափակել է դեսպանը:
Ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը նպատակ ունի մաքսային բեռի թեթևացման հաշվին ավելացնել երկրների միջև առևտրային շրջանառությունը: