Քոչարյանի պաշտպանական կողմը դեռ չի ստացել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ պաշտպանական կողմը դեռ չի ստացել Վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 7-ին հրապարակած որոշումն ամբողջությամբ:
Ըստ պաշտպանի՝ որոշումը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կստանան: Դրանից հետո պաշտպանական կողմը որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, նաև պատրաստում են Մարդու իրավուքների եվրոպական դատարան դիմել:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Քոչարյանի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Ալումյանը խոսել է նաև որոշումն անփոփոխ թողնելու հիմքերից, որոնք, ըստ պաշտպանական կողմի, հիմնավոր չեն:
«Բացառված է, որ պրն Քոչարյանն ազատության մեջ մնալով՝ մի էնպիսի հանդիպում ունենա, որի մասին պետությանն անմիջապես տեղյակ չդառնա: Այդ պայմաններում մենք ասում էինք՝ բոլոր ուրիշ հնարավոր տարբերակաների մեջ այս տարբերակում ամենաքիչն է հավանականությունը, որ անձը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը և պետությունն այդ մասին չիմանա», – ասել է Ալումյանը: