«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի: Այս մասին որոշում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է երեկվա նիստում: Իսկ որոշման համար հիմք է ծառայել այն իրավիճակը, որն ստեղծվել է հիմնադրամի ներկայիս ու նախկին տնօրենների միջև:
Հիշեցնենք` օրեր առաջ հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդին կեղծ հաշվետվություն է ներկայացրել, ինչը, ըստ նրա, ֆինանսական չարաշահումների ապացույց է: Մհեր Խաչատրյանը ներկայացրել էր, որ նախկին տնօրենը աշխատավարձ է հաշվետվությունում ներկայացրել, մինչդեռ հիմնադրամը աշխատակից չի ունեցել, իսկ նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, իր հերթին, հայտարարել է, որ հիմնադրամի ներկայիս տնօրենը զրպարտում է:
Հոգաբարձուների խորհուրդը հարցը քննարկել է և որոշում կայացրել բոլոր հարցերի պատասխանները ստանալ աուդիտից հետո: