Մանվել Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել կալանավայրի մեքենայով, ոտքով բարձրացել իր սենյակ. «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն
Կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Shantnews.am-ի նկարահանող խումբը այցելել է բժշկական կենտրոն և փորձել պարզել, թե ինչ խնդիրներ են ծագել նրա առողջական վիճակի հետ կապված:
«Նրա մոտ ծայրահեղ ծանր վիճակ չի եղել»,- վստահեցրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին՝ ասելով, թե Մանվել Գրիգորյանը գտնվում է հետազոտության փուլում, որի պատասխանները պարզելուց հետո նոր պարզ կլինի՝ կմնա՞ հիվանդանոցում, թե՞ ոչ:
Թե կոնկրետ ինչ բողոքներ է ունեցել դատապարտյալը, հիվանդանոցի գլխավոր բժիշկը արտաքին զննությամբ չի կարող ասել, կատարվել են մի շարք հետազոտություններ, դրանք արդյունքներից հետո նոր կարող են որոշակի եզրահանգում անել:
«Մանվել Գրիգորյանը, բոլորին հայտնի է, որ ուներ հիվանդություններ, այդ հիվանդությունները հավանական է, որ սրվել են և եկել է հետազոտման, մենք դեռ չունենք արդյունքները հետազոտությունների, չենք կարող ասել` կմնա՞, թե՞ ոչ: Մենք չենք որոշելու` դա կախված է այն պատասխաններից, որ կստանանք: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ և՛ էխո, և՛ կոմպյուտերային տոմոգրաֆիա, և՛ տարբեր մասնագետների հետազոտություններ»:
Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ նրան տեղափոխել են կալանավայրի մեքենայով, պահակախմբի ուղեկցությամբ:
«Ինքը ոտքով բարձրացել է իր առանձնասենյակ»,- հայտնեց նա: