Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
Այս մասին ասաց նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: «Ասել եմ և շարունակելու եմ ասել, որ քրեադատավարական օրենսգրքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ մեր պաշտպանյալը պատշաճ կարգով ստանա իրավաբանական օգնություն: Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, և՛ այլ կառույցներ։ Դիմել ենք նաև գրավի դիմաց նրան ազատ արձակելու համար»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Միաժամանակ պաշտպանը հայտնեց, որ վստահ է, որ դատավոր Մարինե Մելքոնյանը մերժելու է ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո մերժելու է գրավի միջնորդությունը, ինչից 15 րոպե անց ներկայացնելու են վերաքննիչ բողոք:
Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ Մանվել Գրիգորյանը հոսպիտալացվել է, Արսեն Մկրտչյանն ասաց, որ այսօր առավոտյան՝ մինչև ժամը 11:00-ը, տեսակցել է Մանվել Գրիգորյանին կալանավայրում և վերջինիս հոսպիտալացվելու մասին որևէ տեղեկություն չունի:
Նշենք, որ հունվարի 22-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության բողոքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանվեց, և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի: