Շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտներում. Նախարար
Շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով, թյուրըմբռնում կա, որ հենց ասում ես՝ ռազմաարդյունաբերություն, մարդիկ տանկ կամ հրանոթ են պատկերացնում:
«Աշխարհում փոխվել է մարտ վարելու կանոնները: Այն հին տեխնոլոգիաներին, որոնք իհարկե արդիական են եւ օգտագործվում են, բայց օգտագործվում են նաեւ ռադիոէլեկտրոնային, ինֆորմացիոն զենքեր, անոթաչու թռչող սարքեր, կապի միջոցներ, կապի խափանման միջոցներ, ռադիոլոկացիոն միջոցներ, երբ տեղորոշվում են կապի կայանները, դրանց ուղղակի հարված է հասցվում, տեխնիկայի արդիականացման միջոցները: Օրինակ, կոնկրետ զինատեսակների դեպքում առաջ կարող էր դրվել կոնկրետ տարածքը փակելու, ամբողջությամբ վնասազերծելու, կրակ արձակելու առաջադրանք, որի արդյունքում 100 անգամ ավելի շատ արկ կարող էր օգտագործվել, քան օրինակ ճշգրիտ հարվածային զինատեսակներ ունենալու դեպքում»,-ասաց նա՝ հավելելով, որ մենք կարող ենք թշնամուն գերակշռել մեր ունեցած միավոր զենքերի ոչ թե քանակով, այլ արդյունավետությամբ: