«Եթե իմ ընտանիքի որևէ անդամի որևէ բան պատահի...». Զարուհի Մեժլումյանը հայտարարում է իրենց սպառնացող վտանգի մասին
Լրագրող, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը հայտարարել է իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգի մասին։
Նա Facebook-ի իր էջում գրել է.
«Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են:
Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին հայացքից թվում են: Ուստի, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ ընտանիքի որևէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որևէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են:
Այդ անձանց անունները՝ կից փաստերով հատ առ հատ հանձնում եմ պետական համապատասխան կառույցներին, մի քանի իրական լրատվամիջոցի և այս տարիներին մեր թիկունքը ամուր պաշտպանող ընկերներիս:
Պայքարը շարունակվում է»: