Տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքել ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու համար. Նիկոլ Փաշինյան
Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գրառումն ամբողջությամբ նեերկայացնում ենք ստորև.
«Կառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:
Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:
Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաեւ մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է եւս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում:
Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար»: