ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շատ կարևոր պաշտոն է. Փաշինյանի մամուլի խոսնակը մեկնաբանել է Ստանիսլավ Զասի խոսքերը
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշվում է անդամ երկրների ղեկավարների կոնսենսուսի միջոցով: Շատ կարևոր պաշտոն է դա: Այդ առումով ինձ համար անհասկանալի է Բելառուսի պաշտոնյայի նման հրապարակային խոսքը: Կարծում եմ, դա չի նպաստում կոնսուլտացիաների արդյունավետ անցկացմանը»,- Shantnews.am-ի հարցին պատասխանելով՝ քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, որը նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական հավակնորդն է, այսօր հայտարարել է, թե մի քանի անգամ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդունելու խնդրանքով, սակայն իր դիմումները մնացել են անպատասխան: Ստանիսլավ Զասի թեկնածությունը հավանություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների կողմից, բացի ՀՀ-ի: Այդ գործիչը համարվում է բելառուսա-ադրբեջանական ռազմական համագործակցության կնքահայրը՝ ակտիվ բանակցություններ վարելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բելառուսական զենքը վաճառելու համար: