Խուան Գուայդոն Հռոմի պապին խնդրել է օգնել Վենեսուելայում հակամարտությունը կարգավորելու հարցում
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է օգնել երկրում հակամարտությունը կարգավորելու հարցում, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
«Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր կարող են օգնել մեզ, Հռոմի պապին, դիվանագետներին, որոնք կարող են աշխատել այն ուղղությամբ, որպեսզի դադարեցվի իշխանության բռնատիրումը, ստեղծվի անցումային կառավարություն եւ անցկացվեն հիրավի ազատ ընտրություններ որքան հնարավոր է շուտ»,- ասել է Գուայդոն իտալական Sky TG24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես ուրախ կլինեի ընդունել Հռոմի պապին մեր երկրում, շատ կաթոլիկական երկրում, շատ աստվածավախ, կրոնական ուժեղ ավանդույթներ ունեցող երկրում»,- ասել է Գուայդոն։
Ավելի վաղ հովվապետի օգնությունն էր խնդրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Հովվապետը նախօրեին նշել էր, որ գիտե Մադուրոյի նամակի մասին, բայց դեռ չի կարդացել։ Նրա խոսքով՝ Վատիկանը կարող է միջնորդ դառնալ երկու կողմերի դիմելու պարագայում։