Հայաստանն արդեն Եվրոպական երկրորդ խաղերի 11 ուղեգիր ունի
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական մարզական երկրորդ խաղերում Հայաստանն արդեն 11 ուղեգիր ունի, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ուղեգրեր են շնորհվում այն մարզիկներին, ովքեր հաջողության են հասնում վարկանիշային մրցաշարերում: Դրանք կշարունակվեն մինչև 2019թ. ապրիլի 14-ը:
Մինսկում հանդես կգան մեր սամբիստները /5 տղամարդ, 1 կին/, մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոէ մրցաձևի երկու թիավարներ:
Մասնակցության ուղեգրեր ենք ակնկալում նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն և դարձյալ հրաձգություն ու հեծանվային սպորտ մարզաձևերի ներկայացուցիչներից:
Որոշ մարզաձևերում /սամբո, կանոէ և այլն/ ուղեգրերը անվանական չեն և խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան մարզչական խորհուրդները: