Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն
Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։
Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․
- բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.
- Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար,Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող.
- ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության
կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում. - սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում.
- գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ.
- ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար, ըստ ծրագրի,
կարևոր է լինելու կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը։